Հեշտ է ասել` անուղղելի ռուսասերներ են
02.06.2020 | 00:54
«Օդեսան մինչև այժմ էլ օկուպացված է թշնամու կողմից: Ո՞վ պիտի պատասխան տա սեփական ժողովրդի դեմ սանձազերծված ահաբեկչության ու ցեղասպանության համար: ՈՒկրաինայում մոլեգնում է բանդերական գաղափարախոսությունը: Իշխանությունը պատկանում է Զելենսկուն, բայց նա ոչնչություն է: Իշխանությունը պատկանում է նացիոնալիստներին, իսկ կամակատարներին ղեկավարում է ԱՄՆ-ը: Մենք չենք կարող սոսկ քննադատել կամ լռելյայն մի կողմ քաշվել ու սպասել, թե երբ կկայունանա իրավիճակը ՈՒկրաինայում: Ո՛չ: Հերիք է բարի լինենք: Ռուսաստանը պետք է գործի անցնի և վերադարձնի ՈՒկրաինայի հարավ-արևելքը՝ բնիկ ռուսական հողերը»:
Ծանոթանալով «Россия-1» հեռուստաալիքով հրապարակավ հնչած այս պաթետիկ հայտարարությանը, հայաստանցին կարող է մտածել, որ նման ռազմատենչ կոչ կարող է իրեն թույլ տալ միայն ռուս նացիոնալիստը: Մինչդեռ դրա հեղինակն է ռուսաստանցի քաղաքագետ, Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի ուսումնասիրման կենտրոնի տնօրեն, Պետդումայի նախկին պատգամավոր, ամենատարբեր քաղաքական հաղորդումների ակտիվ մասնակից Սեմյոն Բաղդասարովը: Ընդ որում, զարմացնում է ոչ թե մեր հայրենակցի ռուսապաշտությունը, այլ կատարյալ արհամարհական, եթե չասենք ագրեսիվ-թշնամական վերաբերմունքը ՈՒկրաինայի նկատմամբ:
Խնդիր չի դրված տուրք տալու ինչ-որ դատապարտումների կամ մեղադրանքների: Բնավ: Ռուսահայ քաղաքագետներին ու հրապարակախոսներին իրոք բնորոշ է ռուսասիրությունը. ապրում են այդ երկրում, յուրացնում են տեղի լեզուն, մշակույթը, հոգեբանությունը, սովորությունները և այլն ու դառնում են այդ պետության ու ժողովրդի շահերի ջերմ պաշտպան:
Նշյալ ասպարեզում մենք Մոսկվայում ունենք բավականին ազդեցիկ պրոֆեսիոնալների ստվար մի բանակ՝ Սերգեյ Կուրղինյան, Մարգարիտա Սիմոնյան, Տիգրան Քեոսայան, Կարեն Շահնազարով, Միխայիլ Շահնազարով, Անդրանիկ Միհրանյան, Գևորգ Միրզայան, Ռոման Բալայան, Արայիկ Ստեփանյան, Կարինե Գևորգյան և այլք:
Չի կարելի ասել, թե այս անձինք հայասեր չեն: Անհրաժեշտության դեպքում լավ էլ պաշտպանում են Հայաստանի, Արցախի, հայության շահերը: ՈՒրիշ հարց է, որ նրանք չեն ընդունում Հայաստանից հնչող հակառուսական հայտարարությունները, առհասարակ հակառուսական կեցվածքը: Հայտնի է նրանց հավատամքը՝ լավն է թե վատը Ռուսաստանը, նա է Հայաստանի միջազգային անվտանգության գլխավոր երաշխավորը: Ցավալին այն է, որ շատ թույլ է (եթե, իհարկե, կա) կապը Հայաստանի ղեկավարության հետ, արդյունավետ չեն շփումները հայոց քաղաքական աշխարհի հետ: Երբևէ փորձեր արվե՞լ են ի շահ Հայաստանի օգտագործելու այնպիսի հանրաճանաչ հեղինակության, ինչպիսին է, ասենք, Ալեքսանդր Օհանի Չուբարյանը՝ ՌԴ ԳԱ ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ ԳԱ համընդհանուր պատմության ինստիտուտի գիտական ղեկավար, հումանիտար գիտությունների պետական ակադեմիական համալսարանի նախագահ, ռուսաստանցի պատմաբանների ազգային կոմիտեի նախագահ: Մի անձ, որի կարծիքը հաշվի են առնում մեծն Վլադիմիր Պուտինն ինքը, երկրի ինտելեկտուալ-քաղաքական վերնախավը:
Մինչդեռ Ռուսաստանում բանը հասել է նրան, որ որոշ ռուս քաղաքագետներ դժգոհություն են հայտնում, թե հատկապես քաղաքական հեռուստատարածքում կրակն են ընկել հրեաների ու հայերի ձեռքին: Դրա մեջ կա ճշմարտություն, սակայն ընդգծենք էական մի տարբերություն ոչ ռուս այս երկու հանրությունների միջև. իրենց մեկնաբանություններում հայազգի քաղաքագետները երբեք թույլ չեն տալիս հակառուսական հայտարարություններ, իսկ ահա բազմաթիվ Գոզմաններն ու Շենդերովիչները բնավ էլ չեն խորշում իրենց «յուրահատուկ» կարծիքն արտահայտելուց ռուսաց պետության, նրա վարած քաղաքականության, ռուս ժողովրդի մասին: Հրեան մնում է հրեա:
Կարծում եմ Հայաստանի համապատասխան քաղաքական շրջանակները մեծ իմաստնություն կդրսևորեին, եթե պարբերաբար Երևան հրավիրեին ռուսահայ, այսպես ասած, քաղաքականագիտական համայնքի առնվազն առավել աչքի ընկնող ներկայացուցիչներին, խորհրդակցեին նրանց հետ: Համոզված եմ, այդ մարդիկ իրենց շոյված կզգային, եթե հրավեր ստանային, ասենք, հայոց խորհրդարանից՝ Ազգային ժողովից (նշենք, որ նրանց գերակշիռ մասը ծնունդով հայաստանցի չէ): Թող գան, մեր պատգամավորների հետ կարծիքներ փոխանակեն հայ-ռուսական հարաբերություների շուրջ, իրազեկեն իրենց մոտեցումների մասին, հայասիրության նոր լիցք ստանան: Բնականաբար այս ասպարեզում ազգանպաստ մեծ ծառայություն կարող է մատուցել սփյուռքի հանձնակատարը:
Թե չէ հեշտ է ոչինչ չանել` նշավակելով նրանց որպես անուղղելի ռուսասերների:
Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ